Սեփական կետից սկսելու երկրորդ այդպիսի մի հարված կնշանակի հայի ինքնության և պետականության վերջը. Լիլիթ Գալստյան
«Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և նկատեց, որ տևական ժամանակ է, ինչ Արցախ չի կարողանում այցելել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող խումբը:
Պատգամավորը հայտնեց, որ Մոսկվայում հայ և թուրք բանագնացների հանդիպումից երկու օր առաջ Ալիևը հերթական հայատյաց կոչերն է հնչեցրել՝ բացահայտորեն հեգնելով հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ ձեւաչափը:
Գալստյանի խոսքով՝ դեկտեմբերի վերջին էլ Մոսկվայում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպման ադրբեջանցի մասնակիցը հայտարարել էր, որ Արցախի հարցը փակված է և իրենք՝ հանդիպման մասնակիցները խոսել են միայն հումաիտար խնդիրներից:
«Մերոնք՝ Հայաստանի մասնակիցները լռում են և չեն հերքում: Այս ինչ քիրվայական խաղաղության մուրացկանություն է, ինչպե՞ս և որտե՞ղ են ճշտվում այսօրինակ հանդիպումների մասնակիցների ցանկը և օրակարգը»,- ասաց պատգամավորը և հավելեց.
«Քաղաքական մեծամասնության ողջ խոսույթը երկու հաստատումների մեջ է տեղավորվում՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, բաց սահման, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքներ, իսկ իշխանամերձ գործարար շրջանակների հրճվանքն անթաքույց է: Սա կարելի էր մի կերպ հասկանալ, եթե չլիներ այն ողբերգական և աղետալի իրականությունն, ինչի մեջ ապրում ենք, եթե չլիներ պատմական փորձը, եթե չլինեին թուրքական բայրաքթարների մսաղացի մեր հազարավոր զոհերը, եթե չլինեին տասնյակ հազարավոր տեղահանվածները»:
Կին պատգամավորը տարակուսեց, թե ինչ առանց նախապայմանների բանակցությունների մասին է խոսում իշխանությունը և նկատեց, որ հայկական կողմից ոչ մի պաշտոնական մեղադրանք-գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի խոսք չի եղել, և մոռացել են հիվանդանոցներ ու ծննդատներ ռմբակոծող, Ադրբեջանին ահաբեկիչներ մատակարարող, միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող ցեղասպան Թուրքիային:
«Երբ այսօր առավոտյան ՔՊ խոսնակը Ռուբինյան-բանակցողին նույնացնում էր Հայաստանի հետ, լավ կլիներ մինչ այդ հանրությանը ներկայացված լինեին այն կարմիր գծերը, որոնք ընկած են բանակցությունների հիմքում»,- ասաց Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ զրոյական կամ սեփական կետից սկսելու երկրորդ այդպիսի մի հարված կնշանակի հայի ինքնության և պետականության վերջը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ հպարտ քաղաքացիների համար կյանքը դարձել է թանկ. Արեգնազ Մանուկյան
- Հայաստան-Թուրքիա գործընթացը չի կարող կայանալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Մամիջանյան
- Ադրբեջանցիներն անարգելք ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածք. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին