
Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը, եղբայրը, տատը կամ պապը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է: Ըստ նախագծի, զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառու կճանաչվեն նրա հարազատ քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Նախագիծն ընդունվեց 101 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ չկար:
Նախքան քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ ուզում է ծանուցել՝ այս նախագծի հետ կապված հետաքրքիր մի պատմություն կա:
«Դեռևս պատերազմի օրերին մի անգամ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝ Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել, իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք: Հետո պարզվեց, որ նա երկկողմանի ծնողազուր է: Հովհաննես Ասատրյանն անհետ կորած էր: Իր ընտանիքի կողքին եմ եղել, հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը: Երկար ժամանակ կառավարության հետ գրավոր, բանավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին, ովքեր նրա միակ հարազատներներն էին, խնդիրը կարգավորել, որ դառնան շահառու, անընհատ ստանում էինք պատասխան՝ եղբայրներն ունեն ոտք ու ձեռք, թող աշխատեն:
Ուրախ եմ, որ կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է, այս նախագծով հնարավորություն ենք տալիս ծնողազուրկ կամ այլ դեպքերով օգտվեն «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամ»-ից որպես շահառու:
Մենք կողմ ենք քվեարկելու»:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է, որ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, շահառու են հանդիսանում կինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները):
Հայկ Սարգսյանը նախագծի ներկայացմանն ասել էր, որ իրեն հայտնի է 16 դեպք, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, հետևաբար չունեն կին, զավակներ, ծառայության մեկնելու ժամանակ նրանց երկու ծնողները մահացած են եղել:
«Մեր այս եղբայրների մասով որևէ մեկը փոխհատուցում չի ստացել: Անհրաժեշտություն եմ տեսել, որ օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր մահացել են ու չունեն ոչ ծնողներ, ոչ կին, ոչ զավակ, նրանց մասով փոխհատուցում ստանան նրանց հարազատ եղբայրները կամ քույրերը», - ասել էր պատգամավորը։