Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման հայտարարություն է տարածել նախարարությունը՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Արփի Դավոյանի արարքին։
«Հարգելի գործընկերներ, լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար:
Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:
Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում»,-հայտնել է նախարարության խոսնակ Անի Հակոբյանը։
Նա տեղեկացրել է, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Կարմիր գրքում ընդգրկված բույթի ծաղիկը։