Եթե վարչապետն ասում է՝ բռնելու եմ շինեմ ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը շատ ավելին կարող է ասել. Ռուբիկ Հակոբյան
«Այսպիսի գայթակղություն կա երիտասարդ ՔՊ պատգամավորների մոտ՝ իրենք իրենց իրավունք են վերապահում նշանակել մեղավորներ»,- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցությունից առաջադրված Ռուբիկ Հակոբյանը:
Նա նակտեց, որ «Դատալեքս»-ում 15 էջանոց նյութ կա նախկինում իր դեմ հարուցված գործի վերաբերյալ և այնտեղ լրագրող չի հիշատակվել, իսկ ՔՊ երիտասարադ պատգամավորը հայտարարում է, որ ինքը հաշվեհարդար է տեսել լրագրողի հետ:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մինչ այդ ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանի կենսագրականը և հիմնականում շեշտեց նրա լրագրողական գործունեությունը։
Ըստ Մինասյանի ներկայացման՝ Ռուբիկ Հակոբյանը 1984-90 թթ. Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում աշխատել է որպես խմբագիր, բաժնի վարիչ, այնուհետև ընտրվել է ԳԽ պատգամավոր և այդ ընթացքում հիմնադրել է ԳԽ մամուլի ծառայությունը, եղել է լրատվությամբ զբաղվող հանձնաժողովի անդամ, որտեղ մշակվել է ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը:
Պատասխանելով հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորի հարցին Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Այո ես ասել եմ ու մնում եմ իմ կարծիքին և կոչ եմ անում ընդդիմությանը՝ ընդհանրապես մի մասնակցեք նիստերին, մասնակցեք միայն հայտարարություններին, բոյկոտեք նիստերը, եթե չմասնացեն՝ ՔՊ-ն ասելիք չի ունենա, քանի որ նրանք միայն արձագանքում են ընդդիմությանը»:
Ռուբիկ Հակոբյանը նաև պատասխանեց պատգամավորների հարցերին և ներկայացրեց իր տեսակետը քաղաքականության մեջ վիրավորանքի դեպքերի վերաբերյալ:
«Եթե վարչապետն ասում է՝ բռնելու եմ շինեմ ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը շատ ավելին կարող է ասել»,-հայտարարեց ՀՌՀ թեկնածուն և նշեց, որ եթե իշխանությունը չի հասկանում, որ չի կարելի հայհոյել, ապա ժողովրդից չպետք է պահանջի զսպվածություն: