Կարմիր շուկայի բնակիչները փակել էին ադրբեջանցիների ճանապարհը
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է տեղի աղբյուրը։
Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։
«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասել է աղբյուրը։
Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։
«Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասունները»,–ասել է նա։
Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 24–ին Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։