ՀՀ-ն երևի աշխարհում միակ պետությունն է, որի ԳՇ պետը երկու ամիս մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է Զինված ուժերը. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Հայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը:
Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը:
Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ ... »։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելուն։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։
Իսկ ահա Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի, Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն
- Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործը դատարանում է