Այս պահի դրությամբ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին. Էդուարդ Աղաջանյան
«Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները կողմնակից են եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար բոլոր իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման»,- ԱԺ-ում կազմակերպված ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Ասուլիսի բանախոսը նշեց՝ այդ համատեքստում միանշանակ կիսում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ եղել է Սփյուռքը և նրա կազմակերպությունները:
Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Փաշինյանը հենց այդ համատեքստում է արել իր վերոնշյալ հայտարարությունը:
Նա նաև շեշտեց, որ այն չի նշանակում, թե ճանաչման ողջ գործընթացը վերագրվում է Սփյուռքի ներուժին, այլ ընդամենը պետք է արձանագրել՝ Սփյուռքի դերակատարությունն ավելի էֆեկտիվ է եղել, քան ՀՀ-ինը՝ որպես պետություն:
«Խաղաղության օրակարգի վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար, խորը և համապարփակ քննարկումների արդյունքում երկկողմ ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի Հայաստանի և Ադրբեջանի հասարակության համար»,- ասաց Աղաջանյանը և հավելեց, որ դրա վերաբերյալ որևէ դետալային քննարկում չի եղել, քանի որ նույնիսկ սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ դժվարանում են կոնկրետ քայլեր իրականացնել:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին, որտեղ ցանկացած դետալ կարևոր նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար:
Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը որևէ խնդիր չի տեսնում, որ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող գործընթացների մասին հայ հանրությունը առաջինը տեղեկանում է Թուրքիայի պաշտոնյաներից՝ շեշտելով, որ դրանք տեխնիկական հարցերի մասին արված հայտարարություններ են, ինչը չի նշանակում, որ օրակարգը Անկարան է թելադրում:
Հարակից հրապարակումներ`
- Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշում չկա. Էդուարդ Աղաջանյան
- Առանց մեր առաջարկների ռիսկերը շատ բարձր են, որ սահմանին իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ. Աղաջանյան