Մինչև վերջին թրքացածը չվերանա, ոչ միայն կառավարությունից, այլ ՀՀ տարածքից՝ այս վիճակը կշարունակվի. Սերգեյ Շաքարյանց
«Մենք ունենք մի իշխանակազմ, որն օտարերկրյա ուժերի հրահանգով առաջնային նպատակ է դրել ոչնչացնել ՀՀ Զինված ուժրը»,-ասուլիսում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը և բացատրեց, որ տարիներ շարոuնակ Գելլափը և այլ սոցիոլոգիական կազմակերպություններ ուսումնասիրություններ էին անցկացրել , որոնց արդյունքները փաստել էին, որ ՀՀ բնակչության բացահայտ մեծամասնությունը պետական մարմիններից վստահում են միայն բանակին:
Նրա խոսքով՝ թշնամին հասկանում էր, որ հային կառավարելի դարձնելու համար պետք է ոչնչացնել նրա վստահության գործոնը՝ բանակը:
«Դա պետք է արվեր նիկոլական ձևով, առանց բանակը պատերազմի մեջ բացահայտ ներքաշելու տարածքները հանձնելով և 5000 զոհ տալուց հետո հայտարարելով, որ պատերազմ չենք ուզում»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ եթե գեներալներին են հեռացնում բանակից, ապա նրանք ոչ թե պետք է լռեն, այլ ապստամբություն բարձրացնեին՝ ինչպես 1922 թվականին Հունաստանում եղավ և թույլ չտվեցին Կիպրոսի օկուպացումը Թուրքիայի կողմից:
Շաքարյանցը սխալ համարեց, որ հայ գեներալները իրենց կոչումները և բարձր թոշակները չկորցնելու համար գործարքի գնացին իշխանության հետ և լռեցին:
«Մինչև վերջին թրքացածը չվերանա, ոչ միայն կառավարությունից, այլ ՀՀ տարածքից՝ այս վիճակը կշարունակվի»,-ասաց քաղաքագետը և շեշտեց, որ խոսում է ներկայիս Հայաստանի տարածքի մասին, որը հայ ժողովրդի երկրի միայն 1/10 մասն է կազմում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Շաքարյանցը շեշտեց, որ Իրանը հետևողականորեն առաջ է տանում իր շահը, որը համընկնում է Հայաստանի շահի հետ:
«Հունվարի 22-ին Իրանի կառավարությունը որոշում է կայացրել, որ ոչ թե ՀՀ -ի խնդրանքով, այլ, ինչպես հաղորդագրության մեջ էր ասվում, Իրանի ԱԳՆ-ի պահանջով Սյունիքի մարզի Կապան Քաղաքում պետք է լինի գլխավոր հյուպատոսություն»,-հայտնեց քաղաքագետը և հավելեց. «Սա Իրանի պետական ամբողջ համալիրի ապտակն էր ռուսներին, թուրքերին և հայերին՝ հենց այս հերթականությամբ և Հայաստանին չեն էլ հարցնում, թե նրանք ուզում են, թե ոչ»:
Ըստ նրա՝ եթե հյուսիսային Սիրիայում առանց Իրանի չի հաջողվել հարց լուծել, ապա Արցախում էլ չի լինի, քանի որ Իրանի անմիջական սահմաններն են: