Բնակիչները դժգոհում են գազի որակից, մասնագետները՝ պարզաբանում
Վերջին շրջանում շատ են դժգոհությունները գազի որակի՝ «հոտավետ» լինելու և ցածր կալորիականության հետ կապված։
Օրեր առաջ Գյումրիում բնակիչները դժգոհում էին, որ գազի «հոտ» է տարածվում։ Ավելի ուշ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանեց, որ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման հետևանք է այն։
Մարզերից բացի, դժգոհություններ կան նաև Երևանում։ Քաղաքացին նշում է․ «Բնակարանը ջեռուցում ենք հոսանքով։ Ձմռան ընթացքում նույն գազն ենք սպառում, ինչ աշնանը կամ տարվա մյուս եղանակներին, սակայն ձմռանը վճարում ենք շատ։ Չգիտեմ ինչն է խնդիրը, ձմռանը հաշվիչներն են սկսում արագ աշխատել, թե ի՞նչ, բայց փաստ է, որ ավելի շատ ենք վճարում»։
Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Դեկտեմբեր ամսվա կեսերից մեր գազն օրինակ շատ հոտավետ դարձել։ Այն աստիճան, որ ափսե լվանալիս սկսում ենք հազալ»։
Նախ գազի «հոտավետ» լինելու հետ կապված, բնապահպան Սիլվա Ադամյանը, որը երկար տարիներ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, Panorama.am-ին հետևյալն ասաց․
«Գազային տարրաներում պահվող գազն ունի հոտ, որովհետև պարունակում է հատուկ ավելացրած օդորանտներ։ Դա արվում է անվտանգության համար։ Եթե մարդիկ այսպես ասած «գազի հոտ են առնում», ուրեմն՝ կամ կա գազի արտահոսք կամ էլ այրումն է վատ կատարվում։ Հոտ առնելը պետք է բնակչի համար լինի ահազանգ, որ կա արտահոսք, կամ էլ կա սարքի հետ կապված խնդիրներ»։
Իսկ առհասարակ, Հայաստան մատակարարվող բնական գազը տարիներ շարունակ ունեցել է կալորիականության խնդիր։
Panorama.am-ի հետ զրույցում, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն ասաց․
«Ցածր կալորիականության արդյունքում, քաղաքացին ավելի շատ բնական գազ է սպառում, հետևաբար ավելի շատ էլ վճարում։ Իսկ ձմռան ընթացքում ցածր կալորիականությամբ գազի սպառման ծավալները մեծանում են, սա է նաև պատճառը, որ տնտեսվարողներին կամ սպառողին ձմռան ամիսներին հատկապես մեծ հաշիվներ են գալիս վճարման»։
Ըստ մասնագետի այս խնդիրներն այսօր ավելի ցայտուն են արտահայտվում՝ պայմանավորված գնի հավանական բարձրացմամբ։
«Օրվա իշխանությունները այս խնդիրը կապում են սակագնային քաղաքականության հետ՝ նշելով, որ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի շրջականերում սահմանված էր մինչև խորանարդ մետրի դիմաց 7900 կկալ և պայմանագրի շրջանակում պետք է բարձրացնեն 8300 -8500 կկալ/խմ-ի։ Թեև նոր սակագնային քաղաքականության հիմքում կիրառվել է այս ինդեքսը, սակայն չկա որևէ իրական վերահսկման մեխանիզմ, բացի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեխանիզմներից։ Հաշվի առնելով այն, որ ՀԾԿՀ-ն, որը պետք է գործեր անաչառության սկզբունքով, ծառայում է օրվա իշխանություններին, ակնհայտ է, որ այստեղ ևս կարող ենք բախվել սակագնային մանիպուլացիաներին։ Այսինքն՝ այս ինդեքսը կամ ցուցանիշը, որը փորձել են կիրառել սակագների գոյացման գործում, նույնպես մանիպուլատիվ բնույթ է կրել»,- ասաց մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ մոտ 6%-ով։ Սա նշանակում է, որ հաջորդ ձմռանը գազի մեր համաքաղաքացիները նույնքանով ավելի շատ կվճարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ