Ադրբեջանը ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ երբեք իրեն այսպես լկտիաբար չի դրսևորել. Աբրահամյան
«Մենք մոտենում ենք ողբերգության երրորդ փուլին, վերջը որևէ ձևով չի երևում»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ողբերգության առաջին փուլը նոյեմբերի 9-ն էր, երկրորդ փուլն արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքների՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, օկուպացիան, որն արտահայտվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությամբ։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, մասնավորապես Հայաստանին սպառնացող, Տ. Աբրահամյանն ասաց, որ նրա հայտարարությունների մի մասը, որտեղ փորձում է հաղթանակը տոնել, ուղղված են ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին, որքան ՀՀ այն ուժերին, երկրորդ, երրորդ նախագահներին, որոնց նա իր իրական հակառակորդն է համարում։
«Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց ծնկի է եկել, զիջել այնպիսի տարածքներ, որոնց մասին Ադրբեջանը չէր էլ երազում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանի խոսքով, Ալիևը որոշակի պարբերականոթյամբ որոշակի հրապարակային ուղերձներ փորձում է ուղղել ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին, որոնց նախագահության ժամանակ Ադրբեջանը երբեք իրեն այսպես լկտիաբար չի դրսևորել, իսկ դրսևորելու դեպքում ստացել է այնպիսի հարված, ինչի արդյունքում արագ կանխվել են Ադրբեջանի գործողությունները, հետ է շպրտվել։ Կամ միջազգային հանրությունն այնպիսի արձագանք է դրսևորել, որ Ադրբեջանի համար հետագա քայլերը դարձել են արդեն անիմաստ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց, որ Փաշինյանը նաև պետք է հայ ժողովրդին պատասխան տա, որ այսպիսի նվաստացված վիճակի է հասցրել, որ Ադրբեջանի ղեկավարները նման սպառնալից տոնով են խոսում Հայաստանի հետ։
«Սակայն քանի դեռ Փաշինյանը Հայաստանում իշխանության է, ցավալիորեն, դա անընդհատ շարունակվելու է»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ալիևն ասում է՝ եթե Քոչարյանը կամ Սարգսյանը իշխանափոխություն անեն և իրենց Նիկոլիկին նեղացնեն՝ կհասնեն Երևան»
- Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ. Արմինե Ադիբեկյան
- Ալիևի պրոբլեմը եղել և շարունակում են մնալ ՀՀ նախորդ նախագահները. Արտակ Զաքարյան