«Հայրենիք». Միջազգային կառույցներից պահանջում ենք՝ արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին
«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ դատական իշխանության անկախության ապահովումը բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է։
«Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների:
Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր դատախազը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին որոշումը կայացրած դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս կալանավորելու միջնորդությամբ:
ԲԴԽ-ն, հնազանդվելով իշխանության հիվանդագին և կործանարար քմահաճույքներին՝ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը: Այս հարցով իր մտահոգությունը հրապարակային կերպով արդեն իսկ հնչեցրել է Դատավորների միությունը:
Այսօր արդեն Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ Դանիել Դանիելյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հերթական տխրահռչակ կարգապահական վարույթի հարուցումը որակելով որպես ճնշման փորձ:
Կարգապահական վարույթը հարուցվել է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, նույն կուսակցության նախագահի, արդեն սովորական դարձած իշխանահաճո դիմումի հիման վրա: Այսպես կոչված, «առիթն» այն է, որ եզրափակիչ դատական ակտը նիստում հնչեցվել է, ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:
Նկարագրվածը պետության հիմքերը խարխլող պատուհաս իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումների և իրավական ամենաթողության մի փոքր մասն է կազմում:
Արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության անկախության կազմաքանդման ծրագրի վերջնական իրագործումը հանգեցնելու է երկրի ներքին կայունության, իրավական անվտանգության խաթարմանը, և որպես հետևանք՝ Հայաստանի «ադրբեջանացմանը», ինչն էլ կունենա անդառնալի հետևանքներ:
Դատական իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության վերջին ինստիտուցիոնալ հենարանն է:
ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է:
Անկախ քաղաքական հայացքներից կամ այլ տարբերություններից, դատական իշխանության անկախության ապահովումը, այն էլ իրավական պետության բացակայության պայմաններում՝ բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է:
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:
Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին»,- նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գործող իշխանությունները «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը․ Արթուր Վանեցյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ». ՀՀ-ում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Վանաձորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԼՀԿ-ի հայցը մերժելուց հետո դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Վտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միություն