Այն մարդիկ, որոնք օրենքին ասում են այո, իսկ Փաշինյանին` ոչ, ենթարկվում են ապօրինի հետապնդման. Մխիթար Զաքարյան
«Որևէ մեկը իրապես հավատո՞ւմ է, որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և ապօրինի հետապնդվող մեր մյուս գործընկերները հանցագործություն ենք կատարել»,- ԱԺ հայտարարությունների ժամին հռետորական հարցադրմամբ ժողովրդին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով՝ իրավունքի շղարշի տակ իրականացվող ապօրինությունները դարձել են այս իշխանությունների այցեքարտը։
«Սիրո և հանդուրժողականության կարգախոսով ու վենդետաներ չանելու կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը և ՔՊ-ական խմբակը հակառակը ապացուցեցին, և սիրո և հանդուրժողականության փոխարեն հասարակությունը ստացավ սևերի-սպիտակների բաժանում, երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է, ինչքան շատ են ձախողվում, այդքան Հայաստանում աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը»,- հայտարարեց պատգամավորը։
Մխիթար Զաքարյանի խոսքով՝ ի հեճուկս Սահմանադրության, ինքը, Արմեն Չարչյանը և Արթուր Սարգսյանը տևական ժամանակ եղել են կալանքի տակ:
Ըստ պատգամավորի՝ այն մարդիկ, որոնք օրենքին ասում են այո, իսկ Փաշինյանին` ոչ, ենթարկվում են ապօրինի հետապնդման։
«Մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա, ընդ որում հրապարակային ցույց տալու համար մյուսներին` կա՛մ հնազանդվում ես գործող իշխանությանը, կա՛մ քեզ նույնպես կկալանավորենք։ Ես եկել եմ ասելու, որ Սյունիքը երբեք ոչ ոքի չի զիջվելու»,- խոսքն ամփոփեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու.Արթուր Խաչատրյան
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Ամեն հաջորդ օրը ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում. Թադևոս Ավետիսյան
- Այս իշխանությունը երկիրը գլորում է անկանխատեսելի գործընթացների դաշտ. Տիգրան Աբրահամյան
- Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող ՀԿ-ները. Արեգնազ Մանուկյան