Այսօր Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է
Այսօր հայ մեծ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ 2017 թվականից սկսած մարտի 3-ը Հայաստանում նշվում է նաև որպես Գործարարի օր։
Մանթաշյանցի տարեդարձի ու Գործարարի օրվա առթիվ այսօր «Մանթաշով» միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները ծաղիկներ են դրել հայ մեծ գործարարի արձանի մոտ։
Ալեքսանդր Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։
Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։
Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին