Աղվան Հովսեփյան. Այս մասին ասում եմ առաջին անգամ, ստացել եմ նախազգուշացումներ, ուղերձներ
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր դատարանում մի քանի հայտարարություններ արեց։
«Վերջին երեք տարիներին ես ստացել եմ բազմաթիվ նախազգուշացումներ, ուղերձներ։ Սրա մասին ասում եմ առաջին ագամ, չեմ ասել ոչ փաստաբաններիս, ոչ էլ ընտանիքիս անդամներին։ Ուղերձներ, որ եթե փորձեք բացակայել երկրից, Ձեր տղաներին անմիջապես կկալանավորենք։ Ես հավատացնում եմ Ձեզ, չեմ պատրաստվել երբեք երկրից, իմ հայրենիքից բացակայել»,-դատարանում հայտարարեց Աղվան Հովսեփյանը։
Նա, դիմելոց մեղադրող կողմին, ասաց, եղել են դեպքեր, երբ մեկնել է Հայաստանից, ապա վերադարձել, երկիրը լքելու, որևէ բանից խուսափելու մտադրություն չի ունեցել ու չունի։
«Հարգելի դատախազ, ես իմ ողջ կյանքում ոչնչից ու ոչ ոքից չեմ խուսափել։ Դուք լավ գիտեք դա»,-հայտարարեց Հովսեփյանը։
Նախկին դատախազը հարցրեց՝ ո՞րն է եղել ուղերձների նպատակը, երբ ասում էին՝ իր ընտանիքի անդամները, հարազատները կունենան խնդիրներ։
«Ո՞րն էր այդ ուղերձների նպատակը. Որ ինձ այստեղ տեսնեին ու կալանքի տակ անպայման։ Ինձ համար դա ակնհայտ էր։ Կան մարդիկ, որ ուզում էին՝ ես անպայման գտնվեմ կալանքի տակ, որ իրենց սրտերը հովանան»,-ասաց նա։
Հովսեփյանը դատախազներին հորդորեց՝ հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում, կստացվի, որ վերջիններս անաչառ չեն։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։
Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանի կալանավորման հարցը դատարանը կքննի մայիսի 4-ին
- Երեմ Սարգսյան. Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել
- Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
- Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Փաստաբաններ. Աղվան Հովսեփյանին նոր անհիմն մեղադրանք է առաջադրել
- Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խումբ
- Գագիկ Խաչատրյան. Ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք