Արամ Վարդևանյան. Թող այնպես լինի, որ ոստիկանի դեմք էլ չֆիքսվի
Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առած երթի մասնակիցներն այս պահին Ոստիկանության շենքի դիմաց են։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր խոսքում ասաց՝ թե դիմացի շենքում, թե փողոցում կան իրենց գործին նվիրված, հայրենասեր ոստիկաններ, նրանց թվում կան նաև պայքարի աջակիցներին։
«Ողջունենք նրանց»,-ասաց Վարդևանյանը, ինչին հետևեցին ծափահարություններ։
Նա ավելացրեց, գլխներին բերետ ունեցող շատ ոստիկաններ այսօր քաշքշել են անհնազանդության խաղաղ ակցիաների բազմաթիվ մասնակիցների, այդ թվում նաև իրեն։
«Ինձ քաշքշում են, թքած, թող անեն, բայց անչափահաս երեխային, զոհվածի հորը... հո դուք խելագար չե՞ք, էդ մարդկանց քաշքշում եք։ Ամոթ»,-ասաց Վարդևանյանն ու մյուսներն էլ շարունակեցին՝ «ամոթ», «ամոթ»։
Որպես իրավաբան Արամ Վարդևանյանն ասաց, երեք-չորս ոստիկանով մեկ քաղաքացուն քաշքշող, ակցիայի մասնակիցներին սադրող, «արա»-ով դիմող բոլոր ոստիկանները պատասխան են տալու։
«Բոլորի դեմքերը ֆիքսվելու է։ Թող այնպես լինի, որ ոստիկանի դեմք էլ չֆիքսվի։ Հավաքների անցկացման իրավունքը սահմանդրական իրավունք է։ Սթափվեք էլի, ամոթ է»,-ասաց Վարդևանյանը, ինչին կրկին հետևեցին «ամոթ», «ամոթ» վանկարկումները։
Նա նշեց, որ երթի առաջին ու այլ շարքերում կանգնած են մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ոստիկանների կողմից, հիմա բարձր տրամադրություն ունեն։
«Ուժեղ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»,-խոսքն ամփոփեց Վարդևանյանը։