Ոստիկաններն ուժով փորձում են բերման ենթարկել Արամ Վարդևանյանին. «Սրանց վախին սահման չկա»
«Քիչ առաջ ոստիկանները կրկին անհամաչափ ուժ կիրառեցին ու մեր ընկերներից մոտ 20 հոգու շատ կոպիտ, լկտի ձևով բերման ենթարկեցին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա մասնակցում էր Հաղթանակի կամրջի վրա իրականացվող անհնազանդության խաղաղ ակցիային։
«Սրանց վախին սահման չկա, 50-100 մետր քայլում ես, սկսում են վախենալ»,-ասաց նա։
Նշենք, որ նույն վայրում սև բերետավորները ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանին քաշքշելով մոտեցրեցին ոստիկանական ավտոբուսին՝ փորձելով բերման ենթարկել։
Ավտոբուսի դռների մոտից մեկ այլ ոստիկան, ով ըստ երևույթին ճանաչել էր պատգամավորին, Վարդևանյանին մի կողմ տարավ։