Հանրապետության հրապարակից բոլորիս անունից ասում եմ՝ սա ամենապրոհայկական ու պրոարցախյան շարժումն է. Հայկ Մամիջանյան
«Նիկոլը ԱԺ-ում ասում էր, որ միջազգային հանրությունն ուզում է, որ նշաձող իջեցնենք: Էդ դու ես ուզում, որ նշաձող իջեցնենք, իսկ այստեղ կանգնած ժողովուրդն ասում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Հայտարարելով, որ միջազգային հանրությունը և Բրյուսելը Հանրապետության հրապարակից կլսի հայ ժողովրդի ցանկությունը՝ պատգամավորն ասաց. «Լուկաշենկոն ասում է, որ այս շարժումը արևմուտքից է, իսկ Արևմուտքից էլ ասում են, որ պրոռուսական է: Այստեղ բոլորիս անունից ասում եմ՝ սա ամենահայկական, ամենապրոհայկական ու պրոարցախյան շարժումն է»:
Նա իր խոսքն ուղղեց Չեռնոգորիայի և այլ գործընկեր երկրների ղեկվարներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հակահայկական լուծումների վերաբերյալ բանակցելն իմաստ չունի, որովհետև Նիկոլն այլևս չկա:
«Սա նախորդ օրվա ԱԺ-ում լկտի պահվածքի պատասխանն է, որ ընդդիմության շարժման մասին ասում էր՝ լոգիստիկ հարցեր են»,-հայտարարեց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը և հավելեց. «Երեկ հիշում եք, ասում էր կգան կասեն՝ դավաճան, սրիկա, մեկ է՝ իմ գործն ավարտին եմ հասցնելու: Իրեն թվում էր, թե այն միշտ հեռվից ենք ասելու: Դե հիմա տես ու լսի»: