Sputnik. Որոտանը զրկվել է Գորիսի հետ կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունից
Գյուղի ուսուցիչներին և բնակիչներին փոխադրող ուղևորատար «Ուրալը» ուսումնական տարվա ավարտից հետո դադարեցրել է կանոնավոր ուղերթները: Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղը զրկվել է Գորիսի հետ կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությունից: Գյուղի բնակիչների խոսքով՝ նախքան դպրոցի դասերի ավարտը 16 ուսուցիչ ամեն օր Գորիսից գյուղ էին գալիս «Ուրալ» հերթապահ ավտոբուսով: Նույն մեքենան շաբաթը երկու անգամ՝ սահմանված օրերի, առավոտյան երեք գյուղերի (Որոտան, Բարձրավան և Շուռնուխ) բնակիչներին տանում էր Գորիս, իսկ երեկոյան հետ բերում։
Սակայն ուսումնական տարվա ավարտից հետո կանոնավոր երթևեկությունը դադարել է։
«Հիմա դասերն ավարտվել են, ուսուցիչներ չկան, տրանսպորտի խնդիրը շատ լուրջ է դարձել։ Մարդիկ ստիպված են իրենց մեքենաներով երթևեկել»,-ասում է գյուղացիներից մեկը։
Երբեմն մի «Գազել» է գալիս գյուղ, բայց դրանք հատուկենտ դեպքեր են՝ առանց որևէ կոնկրետ ժամանակացույցի. ոչ ոք չգիտի, թե մեքենան երբ կգա հաջորդ անգամ։ Բացի այդ, ինչպես նշում է գյուղի մեկ այլ բնակչուհի, այն ավելի քիչ մարդ է տեղավորում։
Խնդիրն է՛լ ավելի է խորացնում Որոտան-Խոտ ճանապարհի վիճակը, որն այլընտրանք է դարձել Գորիս-Որոտան մայրուղու համար (դրա մի մասը պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է անցել)։
Եթե նախկինում գյուղի բնակիչները մինչև քաղաք հասնում էին 15-20 րոպեում, ապա հիմա ստիպված են շրջանցել քանդված ճանապարհով, ինչը մեկ-մեկուկես ժամ է տևում։
Գյուղացիների միակ հույսն այն է, որ Խոտ- Որոտան այլընտրանքային ճանապարհը կվերանորոգվի։ Այս ճանապարհի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են մոտ մեկ ամիս առաջ։
«Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նաև ցածր նստվածքով մեքենաներով ենք գնում այդ ճանապարհով։ Օրինակ՝ եթե պետք է հիվանդանոց հասնել, ուզես-չուզես՝ սովորական մեքենայով էլ կգնաս»,-ասում է գյուղի բնակիչներից մեկը։
Միաժամանակ նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ճանապարհի միջով առուներ են անցնում և խոնավացնում են այն, ինչը նոր փլուզումների պատճառ կարող է դառնալ․ վերանորոգման ընթացքում նման բան արդեն եղել է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները
- Կառավարությունը 28.7 մլն դրամ կհատկացնի բնակարաններ կորցրած Շուռնուխի և Որոտանի 37 անձի և մեկ նորածինի
- Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները. ՄԻՊ