«Դուք չեք կարող վկայակոչել մեր երեկվա խմած սուրճը, որովհետև ես աշխատասենյակ չեմ գալիս որպես Աննա»
«Մենք երեկոյան կարող ենք իրար հետ սրճել, բայց հետո գանք աշխատասենյակ և դուք չեք կարող վկայակոչել մեր երեկված խմած սուրճը, որովհետև ես այնտեղ չեմ գալիս որպես Աննա, ում հետ դուք ընկերություն եք անում, այլ գալիս եմ որպես մարդ, որն իրականացնում է գործառույթ»,-խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
Վերջինս հարցրեց, թե գլխավոր դատախազի թեկնածուի հետ իր կամ մեկ ուրիշի ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Վարդապետյանի մասնագիտական պարտականությունների կատարմանը:
Աննա Վարդապետյանը հայտնեց, որ եթե նա այդպես չանի, ուրեմն իզուր է ծախսել այն ռեսուրսը, որը գնացել է Իրավագիտության ֆակուլտետում սովորելու և մասնագիտական կարիերա անելու վրա:
«Վերամբարձ է հնչում, ես այսպիսի ձևակերպումներ չեմ սիրում անել, բայց ուրիշ ձև չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»,-ասաց գլխավոր դատախազի ՔՊ-ական թեկնածուն:
Հայտնելով, որ իր ընկերները, նրանց թվում նաև Վլադիմիր Վարդանյանը գիտեն, թե ինչ մասնագիտական առճակատումներ է ունեցել՝ Վարդապետյանն օրինակ բերեց Անդրանիկ Քոչարյանի հետ իր ծանոթությունը, որը սկսվել է սուր մասնագիտական բանավեճից:
«Ես երեկ որ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում տեսա պարոն Քոչարյանին, մտածեցի՝ տեսնես ինձանից նեղացած է, թե ոչ»,-հայտնեց Վարդապետյանը:
ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ հայտնեց, որ այդ պատճառով էլ ինքը հետևում է, որ պատասխանի համար սահմանված ռեկլամենտային ժամանակը Վարդապետյանը չգերազանցվի, քանի որ իրենց ընկերությունը կապ չունի աշխատանքի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից.Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
- Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
- ՔՊ-ն առաջադրեց Վարդապետյանի թեկնածությունը