Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերից չորրորդը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է.Արմեն Գրիգորյան
«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի՝ միջանցքի իրականության դառնալու վերաբերյալ նախորդ օրն արած հայտարարությանը:
ԱԽ քարտուղարը բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը:
Հիշեցնելով, որ ապաշրջափակման հարցը քննարկվել է Մոսկվայում և Բրյուսելում՝ Արմեն Գրիգորյանն ասաց. «Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում, և եթե չեմ սխալվում` անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երևանում, հայտատարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»:
Նա նկատեց, որ նույնը տեղի էր ունեցել բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ միջանցք է քննարկում, իսկ նախագահ Միշելի խոսնակը հայտարարություն էր տարածել, որ որևէ միջանցք երբևէ չի քննարկվել:
«Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել, և շարունակելու է սա մնալ»,-հայտարարեց Գրիգորյանը:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերը չորսն են՝ հումանիտար հարցեր՝ առաջնահերթը գերիների վերադարձն ու անհետ կորած անձանց մասին տեղեկություններ հավաքագրելը, ապաշրջափակումը, սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու
- Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու․ Իշխան Սաղաթելյան