Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Գործադիրն այսօր չզեկուցվող նախագծերի թվում որոշում կընդունի Մ-2, (Սյունիք) - Աղվանի – Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի և թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով, 1-ին փուլի համար մեկ անձից գնաման եղանակով շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Վերոհիշյալ շինարարական աշխատանքների իրականացման և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով համաձայնություն և գնաառաջարկ ստանալու համար հարցում է կատարվել «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ-ին, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ին և «ՀԱԼԴԻ Քոնսալթ», «Քարավան», «Շինպլյուս», «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ», «Ոսմար» ՍՊ ընկերություններին։
Նշված կազմակերպություններին հարցումը կատարվել է հաշվի առնելով ճանապարհաշինական ոլորտում տվյալ կազմակերպությունների նախկինում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, վերջիններիս կողմից նախկինում կատարված աշխատանքների արդյունավետությունը, տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև այլ ծրագրերով խիստ ծանրաբեռնված չլինելու հանգամանքը։ Հարկ է նշել, որ բացի վերը նշված կազմակերպություններից ոլորտում գործում են նաև այլ կազմակերպություններ, որոնք համապատասխանում են վերոհիշյալ չափանիշներին, սակայն վերջիններս արդեն իսկ ծանրաբեռնված են պետության կողմից ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով։
Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։
Նախագծով նախատեսվում է նաև շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրել կանխավճար 717,644,000 ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ազատ միջոցներից ընդհանուր գումարով 1.95 մլրդ դրամը երրորդ եռամսյակում ուղղել«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառմանը՝ չորրորդ եռամսյակում հետ վերականգնելու պայմանով»:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը մոռացել է, որ ճանապարհների կառուցման օբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու համար գոյություն ունեն նախագծման և փորձաքննության փուլեր
- Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ճանապարհը 8 ժամ փակ է լինելու
- «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց