«Ժպիտ» անունը ծիծաղ առաջացրեց Փաշինյանի մոտ
Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց նոր ստեղծվող ընկերություններին այնպիսի անուններ տալ, որոնք հեշտ լինի արտասանել։
«Դնում են անուններ, որոնք չենք կարողանում ասել։ Նման ընկերություն ունենք՝ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ։ Ահագին երկար տևեց, մինչև ասել սովորեցինք»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականում պարտադիր չէ վերնագիրն արտահայտի այն գործունեությունը, որն իրականացնում է այդ ընկերությունը, կարելի է որևէ անուն դնել, կանոնադրության մեջ գործառույթները երևան։
«Անուն մտածելը բրենդինգի ամենակարևոր ու ամենալուրջ գործն է, կարող է շատ չարչավենք, նորմալ անուն չգտնենք, որը ծաղրի, անեկդոտների առարկա չդառնա»,- ասաց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց նոր ստեղծվող կազմակերպության անունը «ժպիտ» դնել։
Նիկոլ Փաշինյանը սկսեց բարձրաձայն ծիծաղել. «Արդեն սկսվեց։ Փոխվարչապետն առաջարկում է «ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունն այն տրամաբանությամբ, որ՝ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են»։
Նշենք, որ կառավարությունը որոշում կայացրեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը վերցնում և իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:
«Այսինքն, ըստ էության, արձանագրենք, որ պայմանականորեն ասած «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ասաց Փաշինյանը։