Փաշինյանի քաղաքականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար այլևս չկան Լեռնային Ղարաբաղ. Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանի դավաճանական, պարտվողականության քաղաքականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար այլևս չկան Լեռնային Ղարաբաղ և հայ ռազմագերիների խնդիր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ նման պնդման համար հիմք է հանդիսացել մի պաշտոնական փաստաթուղթ, որը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հրապարակվել է այս տարի հուլիսի 15-ին, կոչվում է «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի» զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները։ Աշոտյանի ներկայացմամբ, սա պաշտոնական փաստաթուղթ է, Եվրոպական միության գնահատականներն են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների մասին։
«Այս ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ օգտագործված չէ Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Խոսելով հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ եվրոպական պաշտոնյաները, պաշտոնական Բրյուսելն ամբողջությամբ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումից։ Ընդամենը մեկ անգամ օգտագործվում է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող Ղարաբաղ բառը։ Սա ինձ հիմք է տալիս ասելու, որ Եվրոպական միության պաշտոնական արձանագրումով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական, տգետ քաղաքականության. նա Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնել էր Լեռնային Ղարաբաղ բառը չօգտագործել։
Եվրոպացիներն իրենց համար գրել են պաշտոնական փաստաթուղթ, իրենք իրենց գրած թղթում այլևս չեն օգտագործում Լեռնային Ղարաբաղ հասկացությունը։ Եվ դա հետևանք է նրա, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում համաձայնվել է այդպիսի ձևակերպմանը, որ Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի, կա Ղարաբաղ, որտեղ կան էթնիկ հայկական բնակիչներ։ Սա է Նիկոլի պատճառով ԵՄ կողմից բաց կերպով մատուցվող քաղաքականությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությամբ՝ 2017 թ. ստորագրած ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ֆիքսված էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքներն այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: