Կկապեն «Արևագորգի» վերջին հանգույցները
Հուլիսի 28-ին ժամը 18։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ցուցասրահում տեղի կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ)՝ Մեգերյան կարպետի հետ համատեղ նախաձեռնած «Արևագորգի» վերջին հանգույցները կապելու արարողությունը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ «Կապիր, որ...» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել էր 2021թ. հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր «Արևագորգի» իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց 1,000 դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի) նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
«Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ են փոխանցել սերնդեսերունդ։ «Արևագորգը» պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ Գորգի կենտրոնում պատկերված է ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված` որպես արևի և լույսի խորհրդանիշ և պաշտպանիչ ուժ:
Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը։ Սփյուռքի մեր հայրենակիցները վիրտուալ հանգույցներ էին կապում megerian.1000plus.am կայքի միջոցով՝ այդ կերպ իրենց հոգածությունը և աջակցությունը ցուցաբերելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Գործված «Արևագորգը» աճուրդի կհանվի, և հայկական գորգագործության արվեստի պահապան՝ Մեգերյան կարպետ ընկերությունը աճուրդից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Միջոցառմանը ներկա են լինելու զինհաշմանդամություն ունեցող ԶԱՀ շահառուները, իրենց հանգույցը կապած անհատներ ու ճանաչված անձինք, ինչպես նաև նախաձեռնության աջակիցները..»,- հայտնում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- ԶԱՀ-ն արձագանքում է ոտքը կորցրած լեյտենանտի բաց նամակին
- ԶԱՀ. Շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ
- ԶԱՀ-ը 4760 շահառու ունի, որից՝ 3998-ը զոհ, 152-ը` անհետ կորած, 610-ը՝ հաշմանդամ.Տաթևիկ Յաղջյան
- ԶԱՀ. Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն
- ԶԱՀ. Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի
- ԶԱՀ-ը հավաքագրել է 65 մլրդ դրամ և տրամադրել 55 մլրդ դրամի հատուցում