«Երևանի Ալրաղաց» կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածը քանդվել է
168․am-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում տեղյակ չէին, որ մայրաքաղաքի կենտրոնում ընթանում են քանդման աշխատանքներ։ Մասնավորապես, քանդվում է «Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող «Երևանի Ալրաղաց» կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածը:
Ըստլրատվամիջոցի՝ ահազանգից հետո քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լևոն Սարդարյանը պարզել է, որ տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որը որոշ ժամանակ առաջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ ալրաղացի կոմբինատի սյունաձև շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ։ Մերժվելուց հետո ընկերությունն այլևս չի դիմել քաղաքապետարանին և ինքնակամ՝ առանց թույլտվության, նախաձեռնել է քանդման աշխատանքներ։
Դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան բաժինը կազմել էր արձանագրություն։
Ո՞ւմ են պատկանում տարածքը, կոմբինատի շենքն ու հարակից շինությունները, ի՞նչ նպատակով են քանդվում և ի՞նչ է նախատեսվում կառուցել դրանց փոխարեն։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար 168․am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին։ Մեկ ամիս անց հաջողվեց պարզել, որ քանդման աշխատանքներն իրականացրել է հենց «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, որի տնօրենն Էդգար Մկրտչյանն է: Քանդման աշխատանքներն արգելված են, արդեն քանդված շինության մասով կազմվել է արձանագրություն, կիրառվել է վարչական տուգանք: Այլ տեղեկություններ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը չուներ:
Համացանցի փնտրման համակարգում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ անունով նշված ոչ մի հեռախոսահամար չպատասխանեց: Ընկերության վերաբերյալ համացանցում առկա տեղեկությունները կապվում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ:
Իր եկամուտների հայտարարագրում Խաչատուր Սուքիասյանը «Արժեթուղթ և ներդրում» բաժնում նշել էր, որ բաժնետոմսեր ունի «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում:
168․am-ը դիմեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ նպատակով է քանդվել ալրաղացի կոմբինատի սյունաձև շինության մի հատվածը և ինչու է դա արվել առանց քաղաքապետարանի թույլտվության:
Աննա Մկրտչյանը պարզաբանեց, որ շինության այդ հատվածը քանդվել է սեյսմիկ վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, իսկ քանդված շինության փոխարեն կառուցապատում իրականացնելու ծրագիր չկա:
Հարցին, թե ինչու են քանդման աշխատանքներ իրականացրել առանց քաղաքապետարանի թույլտվության, Աննա Մկրտչյանը նշեց, որ դիմել են քաղաքապետարան, տեղեկացրել, որ կա սյուներից մեկի փլուզման վտանգ, սակայն քաղաքապետարանից այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել: Խոսնակն առաջարկեց քաղաքապետարանից ճշտել բոլոր մանրամասները, քանի որ արձակուրդային սեզոն է և «Երևանի ալրաղաց» ընկերությունում բոլորը գտնվում արձակուրդում:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։