Աղջկան գերի են վերցրել, հորը՝ սպանել․«Հետք»-ը ներկայացրել է Միրզոյանների պատմությունը
«Հետք»-ը գրում է․
2020թ․-ի հոկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղը 6-օրյա մարտերից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույն օրվա կեսօրին հրետանու աջակցությամբ գյուղից դուրս էին եկել վերջին պաշտպանական խմբերը։ Բոլորին թվացել է, որ գյուղի բնակչությունն ամբողջովին տարհանվել է, և Շեխերում այլևս ոչ ոք չի մնացել։ Այդ ողջ ընթացքում, իրականությունից կտրված, գյուղում մնացել է երկու մարդ։
79-ամյա Հմայակ Միրզոյանը անկողնային հիվանդ է եղել, միակ խնամողը աղջիկն է եղել՝ 46 տարեկան Գայանեն։ Այն ժամանակ, երբ գյուղի բնակիչները վաղուց արդեն հեռացել են գյուղից, Հմայակն ու աղջիկը շարունակել են մնալ։ Գայանեն ամեն օր գնացել է մոտակա աղբյուրը՝ ջրի, այդ օրը նա աղբյուրից հետ չի եկել։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի երրորդ մասնաշենքում ժամանակավոր բնակվում էր Արցախից տեղահանված մոտ 200 մարդ։ Հունվարյան ցուրտ օր էր, ճաշարանում վեց-յոթ կին շենքում ապրողների համար ուտելիք էր պատրաստում։ Շարժվելու ընթացքում օրվա հերթապահները հատակի սառնությունը չէին զգում, բայց հենց նստում էին միանգամից ձգվում էին դեպի էլեկտրական տաքացուցիչը։ Հերթապահների մեջ էր նաև Գայանեն։
Դեպքից մեկ տարուց ավելի էր անցել, Գայանեն քիչ էր խոսում, միայն այն ժամանակ, երբ հարցն ուղիղ իրեն էր տրվում։ Կողքից կանայք ասում էին, որ հիմա ինչքան որ խոսում է, էլի լավ է, սկզբում առհասարակ ոչինչ չէր ասում։
2020թ․ նոյեմբերի 4-ն էր, Գայանեն հիշում է, որ հերթական անգամ ջրի էր գնացել, աղբյուրի մոտ ադրբեջանցիները իրեն նկատել ու տարել են՝ աչքերը փակ, առանց ուղղությունն ասելու։ Դրանից հետո նա այլևս չի իմացել, թե հոր հետ, որի միակ խնամողը ինքն էր, ինչ է պատահել։
Հմայակ Միրզոյանի տունը Շեխերի արևմտյան մասում է եղել՝ Սողոմոնաց կոչվող թաղում։ Գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ հայկական զորախմբերը վերահսկել են այդ հատվածը, երբեմն այդտեղից սնունդ ստացել։ Հոկտեմբերի 22-ից սկսած՝ Շեխերում արդեն նկատվել են հակառակորդի մեծ ու փոքր խմբեր, ինչ-որ պահից սկսած գյուղ մտնելն արդեն վտանգավոր է եղել, այդ ժամանակ հայկական ստորաբաժանումները կենտրոնացված են եղել Շեխերի հարավային բարձունքի վրա, այնտեղից էլ մարտ են վարել։
Սողոմոնանց թաղը, որտեղ Հմայակն ու Գայանեն ապրել են, քարտեզով նայելու դեպքում երևում է, որ գյուղից բավականին կտրված է, ուստի այդտեղ թշնամին դեռևս չէր ներթափանցել։
Գյուղում մենակ մնալուց հետո Գայանեն նկատել է, որ Շեխերում այլևս ոչ ոք չկա։ Այդ ժամանակ արդեն կապ չի եղել, որպեսզի զանգեր, չի իմացել, թե ինչ անի, հորն ուր թողնի կամ ինչպես տանի, ու երկուսով մնացել են գյուղում։
Գայանե Միրզոյանը Ադրբեջանից վերադարձել է 2020թ․-ի դեկտեմբերի 12-ին՝ գերեվարվելուց 38 օր անց։ Գալուց հետո իմացել է, որ հայրը համարվում է անհետ կորած, նրա աճյունը մինչև օրս ԴՆԹ փորձաքննությամբ չի նույնականացվել։
Շեխերի գյուղապետ Մխիթար Մանգասարյանը պատմում է, որ գյուղից դուրս գալիս ինքն անձամբ երկու անգամ կարգադրել է, որ գնան Հմայակ և Գայանե Միրզոյաններին տարհանելու, բայց վերջիններս դուրս չեն եկել։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։