Տեղահանված արցախցիները պահանջում են Ռուսաստանից կատարիր իր պարտականությունները
Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով Ռուսաստանին՝ կատարիր քո պարտականությունները:
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը հայտնեց, որ նամակ ունեն ուղղված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նամակում նշվում է, որ «ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները և ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով»:
«Մենք դիմում ենք ՌԴ-ին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունները, իսկ եթե դա հնարավոր չէ, տեղեկացնել իր դաշնակցին դրա մասին և նպաստել կարգավորման միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Արցախի Հանրապետության Շուշիի և Հադրութի շրջանների բնակիչներ, որոնք արտաքսվել են 2020-ի հոկտեմեբր-նոյեմբեր ամիսներին»,- նշված է նամակում։
Լևոն Հայրյանը նաև նշեց, որ եթե Ռուսաստանը Արցախում խաղաղարար պարտականությամբ է, պետք է կատարի իր պարտականությունները։
«Մենք չենք տեսել դա: 2020-ի նոյեմբերից հետո Խծաբերդ, Հին Թաղերը հանձնվեցին, ոչ մի ռեակցիա, վերջերս Փառուխը հանձնվեց և այդ եռակողմ հայտարարության կողմերը որևէ քայել չեն անում փոխելու այս իրավիճակը: Հայաստանն ինչ-որ անատամ հայտարարություններ է անում, բայց կտրուկ որևէ քայլ չի անում»,- ասաց նա։
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսող երկրի ներկայացուցչություն։
«Խնդրում ենք համանախագահող Ֆրանսիայի կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք Հայաստանի հետ Արցախի կապող միակ՝ Բերձորի ճանապարհի անվտանգությանն ադրբեջանական զավթիչներից պահպանելու համար»,- նշված է Ֆրանսիայի դեսպանությանն ուղղված նամակում, որն ընթերցեց Լ. Հայրյանը։
Ակցիայի մասնակիցները դեսպանատան աշխատակիցներից մեկին նամակ փոխանցեցին։ Նրանք նաև հանդիպում պահանջեցին Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն աշխատակիցը հայտնեց, որ դեսպանը տեղում չէ։ Մասնակիցները նշեցին, որ նստացույց կանեն, մինչև դեսպանը գա։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան չի տեսել Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկները. Սերգեյ Լավրով
- Ալիևը խաբել է Մակրոնին
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է