Արցախի տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
Արցախ Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը հանրապետության տարածքում դեռ կպահպանվի։
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Բնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Օգտագործել սովորականից շատ հեղուկներ։ Հնարավորության սահմաններում, դրսում չմնալ, պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով ամառային գլխարկ, արևային ակնոց, հովանոց։
Ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից։
Տարվա այս ժամանակահատվածում մեծ է նաև հրդեհների առաջացման ռիսկերն ու վտանգները։ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է չանտեսել հրդեհային անվտանգության կանոնները։
Կրակի հետ վարվել զգույշ, ինչպես նաև էլեկտրական սարքավորումները շահագործել առանց տեխնիկական կանոնների խախտման։
Արգելվում է նետել այրվող լուցկի և կամ չմարված ծխախոտի մնացորդ։
«Հիշե՛ք. Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն»,-նշում են ԱԻՆ-ից։