Հայաստանը հուլիսին Վրաստան այցելած քաղաքացիների թվով երրորդ տեղում է
Հուլիսին զբոսաշրջության ոլորտը Վրաստանին ռեկորդային եկամուտ է բերել՝ 476 մլն դոլար, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է հանրապետության կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։
«Հուլիսին զբոսաշրջությունից ստացված եկամուտը համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշները։ Դա 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով ավելի է, և 130 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հուլիսին», - ասել է Վրաստանի վարչապետը։
Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում հյուրընկալության ոլորտից երկրի բյուջեն համալրվել է 1,618 մլրդ դոլարով։
«Գրուզստատ»-ի տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են Ռուսաստանից՝ 147,7 հազ. սա այցելուների ընդհանուր թվի 19,3 տոկոսն է։ Թուրքիան երկրորդ տեղում է՝ 14,9 տոկոս, իսկ Հայաստանը երրորդ տեղում՝ 12,1 տոկոս։