Առինջում խանութի 70-ամյա աշխատակցուհու աչքին բռունցքով խփած ու գումարը գողացած անձը հայտնաբերվել է
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը:
Ոստիկանությունից հայտնում են՝ մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ: Հիվանդանոցից էլ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը, «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ, բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը:
Կոտայքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.20-ին, Առինջ գյուղի 29-ամյա բնակիչը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: