ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության ղեկավարության հետ
Աշխատանքային այցով եվրոպական երկրներում գտնվող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Միջազգային կապերի Եվրոպայի գրասենյակի պատասխանատւ Գասպար Կարապետյանի և նույն գրասենյակի աշխատակից Սարինե Աբրահամյանի ուղեկցությամբ, նոյեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության (Party of European Socialists / PES) ղեկավարության՝ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալներ Յոնեք Պոլենի, Սաար Վան Բյուրենի և Գործադիր վարչության անդամ Քարոլին Ջենեզի հետ։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության հարաբերությունների ընդլայմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի ուժեղացման հեռանկարները։ Ընդգծվել է Հ․Յ․ Դաշնակցության և Եվրոպական գաղափարակից կուսակցությունների կապերի խորացման անհրաժեշտությունը։
Քննարկման առանցքային թեմաներից էին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Շեշտվել է Թուրքիայի կործանարար մասնակցությունը պատերազմական գործողություններին, որի արդյունքում այն ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասում։ ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են նաև Արցախի գրավյալ շրջաններում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ իրագործել բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը։
Առաջիկայում ձեռնարկվելու են գործնական քայլեր՝ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին