Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև աջակցողներին
Պեմզաշենում կատարված սպանությունների գործով իրավապահներն ակնկալում են քաղաքացիների աջակցությունն ու խոստանում դրամական պարգև։
«Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Դատախազությունից հայտնել էին, որ դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հետևողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ»,-հայտնում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը՝ Պեմզաշենում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
- Պեմզաշենում տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով
- Պեմզաշենում կնոջը երկու երեխաների հետ մահացած են գտել