Մարուքյան. Կարծում եմ՝ պետք է վերացնել նախագահի ինստիտուտը
«Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը»,-ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստին։
Մարուքյանը կարծում է՝ իրենց չի հաջողվելու ավելի լավացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանական կառավարման համակարգի պահպանման պարագայում։
«Իսկ եթե չի պահպանվում այդ համակարգը, ապա մեզ պետք է լինելու ժողովրդի կողմից ընտրված նախագահ, եթե պահպանում ենք, ու ժողովուրդը չի ընտրելու նախագահ, ապա ես կարծում եմ, պետք է գնալ ոչ տրադիցիոն ճանապարհով, վերացնել այդ ինստիտուտը, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական երկրի տրամաբանությամբ»,-նշեց նա։
Մարուքյանի խոսքով, գործող Սահմանդրությունը սահմանել է մարմիններ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը։
«Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվի, չեմ հավատում։ Կամ որոշենք՝ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե շարունակում ենք մնալ խորհրդարանական պետություն, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առաջացնել ճգնաժամեր, մնալու են ձևական, անբովանդակ վիճակում»,-ասաց նա՝ նշելով, որ քննարկումների արդյունքում իր համար պարզէ դարձել, որ անդամների մեծ մասը կողմ են խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմանը։
Իր ելույթում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը դժգոհություն հայտնեց, որ մինչ օրս չի քննարկվել հարցը, թե ինչպիսին պետք է լինի երկրի կառավարման համակարգը։
«Քննարկման տրամաբանական հարց կա։ Հիմա մենք ո՞նց քննարկենք նախագահը ՍԴ ձևավորման գործում ինչ մասնակցություն է ունենում, եթե չենք քննարկել, արդյոք ՍԴ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես ինձ համարում եմ ոչ այդքան անլուրջ մարդ, որպեսզի քննարկեմ խորհրդարանական կառավարման մոդելի նրբությունները, եթե չենք որոշել, որ գործելու է խորհրդարանական կառավարման մոդելը»,-նշեց նա` ավելացնելով, որ նախ պետք էր քննարկել կառավարման կարգը, ապա հավասակշռման մեխանիզմները, մարմինների ընտրման կարգն ու լիազորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները