Գործադիրը Վահագն Խաչատուրյանին հորդորեց հաստատել «Գազպրոմ Արմենիա»-ին 31,79 մլն դոլար վճարելու արձանագրությունը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծով ՀՀ նախագահին առաջարկեց վավարեցնել հայ-ռուսական միջկառավարական պայմանագրի մաս կազմող արձանագրությունը, որով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին կվճարվի 31,79 մլն ԱՄՆ դոլար՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար:
«Արձանագրությամբ նախատեսվում է տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար, որից՝ 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարը կապիտալ ներդրումների վերադարձի ապահովման համար, իսկ 3 մլն ԱՄՆ դոլար գումարը Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցման ապահովման համար։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։
Արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Բացի այդ Արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։
Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրության հաստատումը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի ջրի սակագնի թանկացումը.Գարեգին Բաղրամյան
- Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար
- Կառավարությունը նախագահներին և վարչապետերին կզրկի ցմահ պետական պահպանության տակ գտնվելու իրավունքից
- e-gov.am կայքում զետեղված կառավարության նիստի օրակարգային հարցերը տեխնիկական պատճառներով 1 ժամ հասանելի չէին