Մի մտածեք, թե այն ամենը, ինչ այստեղ տխուր ձայնով ասում եք, ճշմարտություն է. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Նազարյանին
«Լուրջ հարց է քննարկվում, հնչում են առաջարկություններ, քննադատություններ և այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում զվարճալի ծիծաղի ձայներ են լսվում։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այս ուրախության պատճառը։ Ռեֆո՞րմն է այդքան ուրախացրել, թե այլ պատճառ կա»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ իրականությունը բոլորովին ծիծաղելի չէ և լուրջ է։
«Այստեղ կոչ հնչեց, որ զոհված տղերքի անունները, նրանց ընտանիքների անունները չշահարկվի։ Երբ որ, իրոք, ուզում ենք հարգել այդ տղերքին, այդ տղերքի արած գործը, պետք է առաջին հերթին ցանկացած նախագիծ մշակելիս, ցանկացած քայլ անելիս, մենք մեզ հարցնենք, պատկերացնենք, թե ինչ կասեին մեզ այդ տղերքը, կողջունեի՞ն, թե՞ չէին ողջունի։
Ես համաձայն եմ ու բոլորին եմ կոչ անում չշահարկել, մի օգտագործեք զոհված տղերքին և նրանց ընտանիքներին։ Այս կոչս վերաբերում է բոլորին՝ սկսած վարչապետի ընտանիքից։ Լրջացեք»,- ասաց Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Այնուհետև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ իր ելույթի պատճառը հիմնականում պարոն Նազարյանի ելույթն էր։
«Պարոն Նազարյան, ձեզ հետ շատ դժվար է վիճել։ … Մի մտածեք, թե այն ամեն ինչը, ինչ որ դուք այստեղ տխուր ձայնով ասում եք, ճշմարտություն է։ Ոչ թե պետք է լրջանալ, այլ պետք է թարգել այդ աշխատելաոճը, այստեղ եկել եք որպես պատգամավոր, եղեք պատգամավոր»,- ասաց Սիմոնյանը: