Մենք չենք կարող արցախցիներին միայնակ թողնել Ադրբեջանի դեմ. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են, ինչը հերթական փորձն է՝ քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպվեն պարտության հետ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին։
«Կարծում եմ՝ արցախցիներին լավ չեն ճանաչում, այս 30 տարվա պարտությունն այդքան էլ դաս չեղավ իրենց։ Այդուհանդերձ, որպեսզի կարողանանա Արցախը պահել, ՀՀ իշխանությունը չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել։ Կարծես թե, խոսքը Կոնգոյի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հարաբերությունների մասին է, այլ ոչ թե՝ Արցախի Հանրապետության և ադրբեջանական ագրեսորների։ Ասում են՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ»,- նշեց պատգամավորը։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանը միշտ ունեցել է հանձնառություն՝ հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, և դա, ըստ նրա, որևէ մեկը Հայաստանի ուսերի վրայից չի վերցրել։ «Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով Հայաստանը «ձեռքերը չի լվացել»։ Այո, պետք է լինեն ռուս խաղացապահները, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է ձեռքերը լվանա և հրաժարվի իր հանձնառությունից»,- ասաց նա։
Նա նաև նշեց՝ եթե ՀՀ իշխանությունները հույսը դնում են բացառապես ռուս խաղաղապահների վրա, ապա պետք է հասկանան ստեղծված իրավիճակը։
Հարցին, թե այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ընդդիմությունը, եթե այս իշխանությունները Արցախը վերջնականապես հանձնեն Ադրբեջանին, և պատրաստվո՞ւմ են, արդյոք, իրենց ընտրողներին նորից հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Արթուր Խաչատրյանն ասաց՝ որևէ հիմք չունի պնդելու, որ նախկին գնահատականները փոխվել են։
«Մեր դիմումը դատախազություն, որ քննություն իրականացնի և պարզի՝ դավաճանություն եղել է, թե ոչ, հետ չենք վերցրել։ Դա օրակարգային է»,- նշեց նա։
Իսկ թե ինչ պետք է անի ընդդիմությունն այս իրավիճակում, Արթուր Խաչատրյանն ասաց, որ պետք է անեն ամեն ինչ, որ այս իշխանությունը հեռանա։ Նա նաև նկատեց, որ ընդդիմության մարտավարությունում փոփոխություններ պետք է լինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին