Կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու. Արման Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:
«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն է մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին, դրական արդյունքներ են ցուցաբերել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով, խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում դրական լուման ներդնելու հարց, խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն և հնարավորություն ունեն իրենց նպաստը բերելու Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
«Ներկայում քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ: Երբ հնարավոր լինի այդ նախագիծն արդեն շրջանառել, այդ ժամանակ կշրջանառենք», -ասաց Ա.Սարգսյանը։
Նա հայտնեց, որ կանանց ծառայությունը կամավորության հիմունքներով է իրականացվելու. «Միգուցե այս պահին իրավական առումով ճիշտ չընկալվի, քանի որ մեզ մոտ պարտադիր է զինծառայությունը։ Դրա համար էլ որոշակի իրավական գործընթաց անցնելուց հետո կներկայացվի հանրության դատին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ