Ծառուկյան. Պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հեղել Հայով բանակի տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Սա մեր դարավոր պատմության, մեր պետականության կարևորագույն ամսաթվերից է։
Դարերի ընթացքում տարբեր երկրների պաշտպանությանը բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ տված հայ ժողովուրդը ստեղծեց սեփական բանակը, որն արդեն 31 տարի է՝ մեր պետականության հենասյունն է։ Մեր բանակն ունեցել է փառապանծ հաղթանակներ և հերոսական պատմագրություն։ Մենք ունեցել ենք ցավոտ կորուստներ, վերապրել դժվարին ժամանակներ:
2020-ից ի վեր Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր պետության ինքնիշխանության ու խաղաղության:
Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց անմար հիշատակին:
Այսօր ևս, այս դժվարին ժամանակներում, պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը։ Ու մեր բոլորի խնդիրն է՝ կանգնել մեր բանակի կողքին։
Անհրաժեշտ է հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն` բանակաշինության խնդիրները մշտապես պահելով բոլորիս ուշադրության կենտրոնում:Շատ կարևոր է՝ գիտակցել, որ պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա։Իրական անվտանգություն հնարավոր է ապահովել մարտունակ բանակի, արդյունավետ պետական կառավարման, զարգացող տնտեսության, համերաշխ հասարակության և ուժեղ դաշնակիցների հետ իրական համագործակցության շնորհիվ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այս պահին սահմանին կանգնած ու մեր երկրի անդորրը հսկող զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին, նրանց համար գիշերուզօր աղոթող ծնողներին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հարազատ օջախներ: Խաղաղություն ու անառիկություն մեր հայրենիքի սահմաններին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան