
Արսեն Մանուկյան. Հայաստան չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությանը
«Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում, թեև չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան մրցուղի»,- միջազգային լիցենզիա ունեցող առաջին հայ ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։
Նա նշեց, որ ֆեդերացիան ջանքեր է գործադրում Հայաստանում մրցուղի կառուցելու համար, որպեսզի ավտոսպորտը հանրության համար դառնա հասանելի, լինի պրոֆեսիոնալ սպորտաձև։
«Մեր ֆեդերացիան այս պահին ծրագրեր է պատրաստում՝ ներկայացնելու կառավարությանը։ Իհարկե, հեշտ գործ չէ, մի քանի տարվա ծրագիր է։ Եզրեր ենք փորձում գտնել, որ սպորտաձևը զարգացում գտնի պետական մակարդակով»,- ասաց նա։
Ա. Մանուկյանի խոսքով, Հայաստանի հակառակորդ երկիրն ունի Ֆորմուլա-1-ի մրցուղի։ Նրա խոսքով, այս տարի Ադրբեջանում կայանալու է FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությունը, որին Հայաստանը չի մասնակցելու։
«Լավ գիտեք, թե ինչպես է այդ երկիրն ամեն ինչ փողով առնում։ Հնարավոր է, որ այդպես էլ եղել է այս դեպքում, որ տեղափոխվել է իրենց երկիր։ Ամեն տարի մասնակցել ենք այդ ասամբլեային, այս տարի չենք մասնակցի»,- ասաց Ա. Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայազգի արշավորդ Արթուր Գորոյան. Մեր հաջողությունները պետք է բերենք Հայաստան
- Հայազգի արշավորդը հաղթել է Աբու Դաբիում
- Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ անցած ուղու ու առաջիկա անելիքների մասին
Լրահոս
Տեսանյութեր



