Մանեն ու «կարճ մազերով Մանեն»
Արցախում ստեղծված իրավիճակի և Ռուբեն Վարդանյան–Արայիկ Հարությունյան ներքաղաքական դիրքային «փոխհրաձգությունների» համատեքստում վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում նաև Ռուբեն Վարդանյանի հայաստանյան քաղաքական հավակնությունների մասին: Թեև Արցախի պետնախարարի «գլուխն այսօր շատ է խառը» մի կողմից Արցախի շրջափակման, մյուս կողմից` ներարցախյան ապարատային ինտրիգների մասով, բայցևայնպես Հայաստանում գործող նրա «Ապրելու երկիր» կուսակցության երկու «ֆրոնտմենները»` Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին նախարարներ Թանդիլյան Մանեն և Առաքելյան Մեսրոպը առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը Ռուբեն Վարդանյանն է` իր կուսակցությամբ, այլ կերպ ասած` հրապարակում են կրկին անգամ նախարար դառնալու իրենց երազանքների մասին:
Թե ով է Թանդիլյան Մանեն, շատ է քննարկվել. կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ միտինգներով ճանաչելիություն ձեռք բերած և այդ ալիքի վրա քաղաքականություն ներխուժած մեկը, որը կուտակայինի դեմ պայքարի կապիտալով դարձավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի պատգամավոր, այնուհետև Նիկոլ Փաշինյանի կառավարության Սոցիալական հարցերի նախարար և դառնալուց անմիջապես հետո կողմ քվեարկեց կուտակայինին: Այնուհետև կրկին անգամ դարձավ պատգամավոր, հետո հայտատարեց, որ հիվանդ է, մեկնում է արտասահման բուժվելու, բայց հենց Արցախում նախարար աշխատելու «տեղ բացվեց», պարզվեց, որ Մանեն լավ էլ առողջ է:
Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք Թանդիլյան Մանեին, հատկապես, որ նրա «սկզբունքայնության» մասին վերջերս մամուլում շատ է խոսվում, և անդրադառնանք քաղաքական առումով «կարճ մազերով Մանեին»` Առաքելյան Մեսրոպին:
Իսկ անդրադառնալ պետք է թեկուզ միայն հոգեվերլուծության և վարքաբանության տեսանկյունից։ Գիտությունն այս անդրադարձից, անշուշտ, միայն կշահի: Եվ այսպես. Մանեի և «կարճ մազերով Մանեի» անցած ճանապարհներում մեկ գլխավոր ընդհանրություն կա` երկուսն էլ շատ են սիրում փող, շատ-շատ: Երկուսն էլ մշտապես ձգտում են փողի քսակին մոտ գտնվել: Մանեն ամբողջ կյանքում աշխատել է ամերիկյան հիմնարկությունում, բարձր աշխատավարձ է ստացել, իսկ հայկական հիմնարկում համաձայնվել է աշխատել միայն պետական բարձրաստիճան պաշտոններում, որտեղ, ինչպես գիտենք, աշխատավարձը պակաս չէ ամերիկյան հիմնարկներում վճարվողներից:
Նույն կերպ է վարվել նաև «կարճ մազերով Մանեն»` Առաքելյան Մեսրոպը, որը մինչև «նիկոլական» դառնալը աշխատել է բանկային համակարգում և վաշխառուական կազմակերպության համբավ ունեցող վարկային կազմակերպություններում: Ավելին` չար լեզուները պնդում են, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Փոքր բիզնեսի վարչության պետի պաշտոնից Մեսրոպը հեռացվել է չարաշահումների պատճառով (շշուկների համաձայն` «ատկատով վարկեր է տրամադրել»), բայց բանկի ղեկավարությունը չի ցանկացել սկանդալը դուրս հանել հիմնարկության պատերից ու հարցին իրավական ընթացք տալ` նախընտրելով «շուստրի» աշխատակցին գործից հանելու պատժի ձևը (2010թ.): Ինչ խոսք, Մեսրոպի համար այդքան ատելի նախկինների ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր էր, բայց համարենք, որ դա ոչ մեր գործն է, ոչ էլ մեր խելքի բանն է:
Երևի թե ճիշտ կլինի մեր գործը չհամարենք նաև «կարճ մազերով Մանեի» «Մոգո» վարկային կազմակերպության ղեկավար աշխատելու (2017-2020թթ.) և վաշխառուական տոկոսադրույքներով մեքենայի գնի կրկնակին «քերթելու» և հարյուրավոր քաղաքացիների դժբախտության հաշվին սեփական բարեկեցությունն ապահովելու հանգամանքը` այդ դաշտը թողնելով Վերին Երուսաղեմում տեղի սպասվող դատաստանի տիրույթին: Իհարկե, կարելի էր զարմանալ, թե ինչպես կարող է նորմալ երկրի ղեկավարն օգնական նշանակել գործող վաշխառուի (2018թ.), սակայն, երբ հիշում ենք, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համակարգի մասին է, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Նաև չենք զարմանում, որ վարչապետի օգնականի պաշտոնը (հասարակական հիմունքներով, քանզի միաժամանակ նա հանդիսացել է նաև «Մոգոյի» գործադիր տնօրենը) Մեսրոպը «կպցրել է» «Առաքելություն» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին «փեշքեշ անելու» արդյունքում, ինչի հետևանքով այդ կուսակցության հիմնադիրները, որոնք դեմ էին իշխանությունը զավթած Փաշինյանի թափառականների խմբակի հետ «Իմ քայլը» անունով դաշինք ձևավորելուն, լքեցին կուսակցությունը և վերջիվերջո այդ կուսակցությունը դադարեց գոյություն ունենալ: Այդ պահին Մեսրոպի համար կարևորը կառավարությունում պաշտոն ունենալն էր` հավանաբար դրդված «Մոգոյի» վաշխառուական տոկոսադրույքներն ամեն գնով պահպանելու և այդ տոկոսադրույքներից միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձը պահպանելու ցանկությունից:
Նաև չենք զարմանում, որ Մեսրոպը կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Սոցիալական հարցերի նախարար է աշխատել (2020-2021թթ.), ինչպես ասում են` փողից հոտ չի գալիս: Ի դեպ, չենք զարմանում նաև, որ Մեսրոպը «երկար մազերով Մանեի» հետ միասին տեղավորվել է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցությունում, քանզի մշտապես մեծ փողերին և պաշտոն զբաղեցնելու հնարավորությանը մոտ գտնվելու հանգամանքը հասուն մարդու մոտ արդեն ձևավորված բնավորության գիծ է, դրանից հեռու փախչել չի ստացվի:
Զարմանում ենք միայն… Իրականում ոչ մի բանից էլ չենք զարմանում: Սպասում ենք «կարճ մազերով Մանեի» հաջորդ հանգրվանին, գիտափորձը դրանից չի տուժի:
Արա Սևունց
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան