ԱՄՆ դեսպանը հայտնեց Հայաստանի մեդիաոլորտում 17.3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 4-ին ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար։ Իր ելույթում դեսպան Քվինն ընդգծել է ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։
«Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, մարդկանց մշտապես իրազեկ պահելու, իշխանություն ունեցողների հաշվետու լինելը ապահովելու հարցերում, որոնք ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կենսական նշանակություն ունեն», - ասել է դեսպան Քվինը։
Դեսպանն անդրադարձ է կատարեկ Հայաստանի մեդիաոլորտին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ի և Հանրային դիվանագիտության գրասենյակի ծրագրերի միջոցով։
Այս տարի մարտին ԱՄՆ ՄԶԳ-ը «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Ինտերնյուս նեթվորք» կազմակերպության հետ, որն աշխատելու է մեդիաոլորտի զարգացման հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ների, մասնավորապես՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» և «Երևանի մամուլի ակումբի», ինչպես նաև «Զինք նեթվորք» միջազգային խմբի հետ։ Ծրագիրը միտված է Հայաստանի տեղեկատվական տիրույթի ամրապնդմանը՝ լրագրողական ստանդարտների և բովանդակության որակի բարելավման, մրցունակության և հասարակության համար հետաքրքրություն ներկայացող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության խթանման և անկախ տեղեկատվական հոսքերի համար նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով։
ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը Հայաստանում։ Առաջին բաղադրիչը հայ-ամերիկյան մասնագիտական փոխգործակցության նախագիծն է՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների համար։
Երկրորդը՝ հայ-ամերիկյան համալսարանական փոխգործակցության ծրագիր է, որի միջոցով լրագրության գերազանցության կենտրոն կձևավորվի հայաստանյան բուհերից մեկում։ Դեսպանությունից նշում են՝ այս նախաձեռնությունների մասին հավելյալ մանրամասներ կներկայացվեն այս տարի ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ