Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի ժամկետներ է նշել
«Այն, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP 29 համաժողովի վրա, մեծ հնարավորություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին NE Global-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա մանրամասնել է՝ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ կալանավորների փոխադարձ ազատ արձակման, ինչպես նաև միմյանց դիվանագիտական աջակցության փոխանակման վերաբերյալ։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ Հայաստանը հանել է իր վետոն COP29-ն ընդունելու Ադրբեջանի հայտի վրայից, իսկ դրա դիմաց Բաքուն համաձայնել է Հայաստանին ընդգրկել կլիմայի գլոբալ համաժողովի գործադիր կոմիտեում։
«Իհարկե, սա մեծ բեկում էր, քանի որ առաջին անգամ ուղղակի շփումների միջոցով կարողացանք հասնել վստահության ամրապնդման այս միջոցառմանը, և դա նաև ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են լուծել իրենց տարաձայնությունները ուղիղ երկկողմ շփումների միջոցով՝ առանց ցանկացած երրորդ կողմի մասնակցության»,- ասել է նա:
Ամիրբեկովը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվում են։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք ցուցաբերում և կարծում ենք, որ հնարավոր է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվեն մինչև COP29-ը։ Սա հզոր ազդակ կլինի արտաքին ախշարհին, որ եվրոպական մայրցամաքի՝ հետխորհրդային տարածքում ամենահին, ամենաերկար և ողբերգական հակամարտություններից մեկը ավարտին է մոտենում։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն նման դրական արդյունքի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ COP 29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար
- Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
- Չի՛ կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը․ Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան