Շնորհավորում եմ այդ կապակցությամբ. Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու մասին
«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ՝ չճանաչի։ Ես միշտ ամեն ինչին սպասում եմ։ Վճիռը չկա դեռ, այն կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, կանենք պաշտոնական հայտարարություն»,- Հակակոռուպցիոն դատարանի կողմից հրապարակված վճռից հետո լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ։
Հարցին՝ դատարանի վրա ճնշում եղե՞լ է, Վ. Գասպարյանն ասաց. «Եկեք ես կարծիքներ չհայտնեմ, սա օդ, անլուրջ խոսակցություն է։
Ես հիմա էլ հայտարարում եմ, և շարունակում եմ ասել, որ մեղավոր չեմ»։
Դիտարկմանը, որ ձեզ դատարանը մեղավոր ճանաչեց, նա ասաց. «Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»։
Հացին՝ այս ամեն ինչում քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ է, Վ.Գասպարյանը պատասխանեց. «Նման բաներ չեմ տեսնում։
Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար, փորձել են մի քիչ ճարպիկություն անել»։
Հարցին՝ ամեն դեպքում լավ չի՞, որ չի ազատազրկվել, Գասպարյանն ասաց, որ ամբողջ կյանքում չի վախեցել ոչնչից. «Ես մեռնելուց չեմ վախեցել: Ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան ապրի այնպիսի շրջապատում, ինչպես հիմա ենք ապրում. իրար լափելով ապրում ենք»։
Ցուցմունք տվողների մեջ կա՞ն մարդիկ, որոնք դեռ աշխատում են համակարգում՝ հարցին ի պատասխան Վ. Գասպարյանն ասաց. «Էական նշանակություն չունի՝ աշխատում են, թե ոչ, չեմ կարծում, որ անուններ տալով պետք է հարցերը լուծվեն։ Ով ինչ անում է, իրեն է անում։ Այն, ինչ ես եմ արել, թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, ինչ արել են իրենք, թող Աստված իրենց ների քանի դմբո են ու չեն հասկանում, թե ինչ են անում»։