Մտահոգիչ է այն փաստը, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին դեռ փորձում են վերասովորեցնել աջ ձեռքով գրելու
Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է։ Ձախլիկների միջազգային օրը նշվում է ամեն տարի օգոստոսի 13-ին, որպեսզի ընդգծվի այլ մարդկանց յուրահատկությունն ու տարբերությունը: Այս օրն առաջին անգամ նշվել է 1976 թվականին՝ ձախլիկների միջազգային կազմակերպության հիմնադրի` Դին Ռ.Քեմփբելի առաջարկով:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ այս օրն ամբողջ աշխարհը միավորվում է՝ հարգելու ձախլիկների եզակի հատկությունները, մարտահրավերները և ներդրումն ամբողջ աշխարհում:
«Հաշվի առնելով, որ մենք սովոր ենք աշխարհին նայել աջլիկների տեսանկյունից՝ ձախլիկ լինելը երբեմն կարող է դժվար և հիասթափեցնող լինել: Ձախլիկների միջազգային օրը թույլ է տալիս մեկ օրով փորձել աշխարհը «ձախլիկ»-ների տեսանկյունից:
Ո՞րն է ձախլիկների միջազգային օրվա նշանակությունը
Օրվա կարևորությունը կայանում է նրանում, որ դեռևս մտահոգիչ է այն փաստը, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին դեռ փորձում են վերասովորեցնել աջ ձեռքով գրելու, ինչը հոգեբանորեն բացասաբար է անդրադառնում երեխաների վրա և նույնիսկ իջեցնում է սովորողների առաջադիմությունը:
Ահա մի քանի պատճառ, թե ինչու Ձախլիկների միջազգային օրը մեծ նշանակություն ունի ամբողջ աշխարհի մարդկանց համար․
.Այն օգնում է մարդկանց գիտակցել այն եզակի մարտահրավերները, որոնց բախվում են ձախլիկները մի աշխարհում, որտեղ հարցերի մեծ մասը լուծվում են աջլիկների կողմից:
.Օրվա խորհուրդը նպատակ ունի վերացնել պահպանողական հասարակություններում ձախլիկության հետ կապված խարանը:
.Այն օգնում է մարդկանց նշել իրենց յուրահատկությունը՝ առանց դատելու կամ քննադատելու:
.Օրը նաև խրախուսում է ընկերություններին ձախլիկների համար կենցաղային տեխնիկա և ապրանքներ արտադրել:
.Այն նպատակ ունի այս աշխարհն ավելի ընդգրկուն հասարակություն դարձնելու:
Աշխարհում կա մոտ 708 միլիոն ձախլիկ, որոնց մեծ մասն արական սեռի է:
Ներկայացնում ենք ձախլիկների մասին լրացուցիչ մի քանի փաստ, որոնք բոլորի հետաքրքրությունն են առաջացնում
.Ձախլիկները հաճախ նկարում են աջ կողմ շրջված պատկերներ:
.Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության շուրջ 13%-ը ձախլիկ է, այդ իսկ պատճառով որոշ մարդիկ համարում են, որ դրանով է պայմանավորված հենց ամսի 13-ին նրանց օրը նշելու փաստը:
.Մարդու մոտ դիսլեքսիա և կակազություն զարգացնելու հավանականությունը մեծանում է, եթե մանկության տարիներին նրան ստիպել են աջ ձեռքով գրել:
.Ձախլիկները լավ ստորջրյա տեսողություն ունեն՝ համեմատած աջլիկների հետ:
.Ձախլիկ մարզիկներն առավելություն ունեն այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են բեյսբոլը, լողը, թենիսը և սուսերամարտը:
.Հետազոտության համաձայն՝ ձախլիկները համարվում են ավելի խելացի և հակված են ավելի արագ մտածելու` համեմատած աջլիկների հետ:
.Macintosh համակարգչային նախագծման խմբում 5 դիզայներից 4-ը ձախլիկ էին:
Աշխարհի հայտնի ձախլիկների թվում են Ալբերտ Էյնշտեյնը, Մարկ Տվենը, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Բեթհովենը, Մերլին Մոնրոն, Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը, Մարկ Ցուկերբերգը, Ջուլիա Ռոբերթսը, Ուփի Գոլդբերգը, Օփրա Ուինֆրին, ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, արքայազն Ուիլյամը և աշխարհի բնակչության շուրջ 13%-ը:
Իսկ ամենակարևորը առողջ լինելն է` առանց որևէ խտրականության և տարբերության աջլիկների և ձախլիկների միջև»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան