Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մոհամմադ Ռեզա Արեֆի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Փաշինյանը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Նա բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Մոհամմադ Ռեզա Արեֆին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ Անկախության տարեդարձի առիթով: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան