Հայտնի խոսք կա՝ երբ կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ ինձանից չէ, բնից է. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ ասաց. «Վերջին շրջանում մի նոր հետաքրքիր տեսակի կոռուպցիա է սկսել զարգանալ և որի մասին արդեն երրորդ դեպքն է, որ լսում եմ։ Այս կոռուպցիան կարելի է կոչել միամիտներին այդ պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա։ Դրանք իրականացնում են որոշ «բրոկերային» ընկերությունները, որոնք քաղաքացուն խոստանում են, ասելով՝ 90 % հավանականությամբ մենք ձեր գործը կանենք, դուք գումարը տվեք մեզ, բայց կա 10 % հավանականություն, որ գործը չի ստացվի։ Այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին։
Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ գործընթացով տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ այդ բրոկերական ընկերությունները խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է, որ այն 10 % հավանականությունն աշխատեց։ Սիրելի երևանցինե՛ր, սիրելի կառուցապատողնե՛ր, խնդրում եմ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է և քաղաքաշինական ծրագրերի մասին կարծիք են տալիս ճարտարապետներ՝ իրարից անկախ և ճատարապետների խորհրդի որոշման հիման վրա է տրվում միայն ճարտարապետաշինարարական հատակագծերը և շինթույլտվությւոնները...
Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլոր նմանատիպ դեպքերում, երբ մենք փաստացի կիմանանք, նման դեպքի մասին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ դուք նույնպես խնդիր կունենաք ճարտարապետահատակագծային առաջադրանք, կամ շինթույլտվությհուն ստանալու հարցում, որովհետև, ուզում եմ հիշեցնել, որ կոռուպցիան միայն կաշառք ստանալը չէ, կաշառք տալը նույնպես կոռուպցիա է»։
Ոլորտում գործող շինարարները հայտնում են, որ այն նոր երևույթ չէ և սովորբար նման գործունեություն ծավալողները կապեր ունեն Երևանի քաղաքապետարանում։
Ավինյանի հայտարարության վերաբերյալ կարծիք ստանալու համար Panorama.am-ը դիմեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։
«Հայտնի խոսք կա՝ երբ որ կկվի վրայից հոտ է գալիս ասում է ինձանից չէ՝ բնից է։ Տիգրան Ավինյանը քովիդի դեմ պայքարից սկսած, որտեղ կային քրեական գործեր և կոռուպցիա, ԱՆԻՖ-ով շարունակած, որտեղ էլի կար պետական մսխում, պետական բյուջեի միլիարդավոր դրամների վատնում, ընդհուպ մինչև 10 մլրդ դրամ։ Դա էլ է կոռուպցիա, երբ դու չհիմնավորված բարձր աշխատավարձեր ես նշանակում և ՊՎԾ-ն մտնում է, ասում է պետական միջոցները փոշիացնում եք։ Ավիաընկերություն ես հիմնում, որը սննկանում է։Հետո կառավարությունը ստիպված է լինում ԱՆԻՖ-ի և ավիաընկերության աշխատակիցներին հարկատուներիս գրպանից հատուցի։
Առհասարակ, Տիգրան Ավինյանը որտեղ մտել է՝ կոռուպցիայի ստվերը հետապնդել է նրան, և շարունակում է հետապնդել քերական գործերի հանգուցալուծմամբ։ Ինքը դրա համար է այդտեղ, որ այդ ամեն ինչի դեմ պայքարի, ոչ թե այդ ամեն ինչի դեմ բողոքի։ Ինքն էլ իր քաղաքական ղեկավարի՝ Փաշինյանի նման հայտարարում է կոռուպցիայի մասին, կարծես ընդդիմադիր պատգամավոր են։
Ակամայից խոստովանություն եք անում, որ դուք ոչ միայն կոռուպցիայի դեմ չեք պայքարում, այլև մի բան էլ ձեր կառավարման օրոք կոռուպցիան շատ բարենպաստ միջավայր է գտել ձեր ղեկավարած հաստատություններում, այն պարագայում, երբ Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտից ամեն օր մարդիկ 25-30 մլն դրամ գրպանում են։ Դրա դեմ ոչ մեկը ոչ պայքարում է իշխանական մակարդակով, ոչ էլ իրավապահներն են դրա հետևից գնում։
Հիմա կոռուպցիոն ինչ-որ մի թեմայի վերաբերյալ վեր կենալ դիվիդենտներ հավաքել՝ ընդամենը երեսպաշտություն է և ժամավաճառություն, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Սուքիասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ վարչապետին կարելի է շորտիկով հեծանիվ վարել, իսկ դատապարտյալին իր խցում շորտիկով սպորտով զբաղվել չի կարելի. Իրավապաշտպան