ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հրավիրել է ասուլիս հենց քաղաքապետարանի դիմաց՝ ներկայացնելու «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև կնքված «աբսուրդային» գործարքից խիստ ուշագրավ մանրամասներ։
«Հենց հիմա ես քաղաքապետարանում նստածներին՝ ի դեմս Սուրեն Գրիգորյանին կոչ եմ անում, վստահ եմ, որ ինձ ուղիղ եթերով հետևում են, իջնեն, գան ինձ հետ բանավեճի, որպեսզի ես ապացուցեմ, թե ոնց են իրենք մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված»,-հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։
Իսկ մինչ այդ նա նշեց, որ արդեն քաղաքապետարանը պետք է հասած լիներ նրան, որ մարդիկ իրենց բանկային քարտով կարողանան վճարել ուղեվարձը, մինչդեռ այդ հնարավորությունը մինչ օրս չկա։
Մի քանի օր առաջ նա խնդիրը փորձել է ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանին։
«Ասում եմ՝ հրատապ խնդիր է, ներկայացնում եմ երևանցիներին, իմ անձնական խնդրով չեմ եկել։ Դուք պարտադրում եք, որ ես իմ բոլոր տվյալները ներկայացնեմ մասնավոր ընկերությանը՝ «Թել-Սել»-ին։ Ես չգիտեմ, ի՞նչ է անելու այդ ընկերությունը մեր տվյալների հետ։ Պետական հոբանավորությամբ, պետական պարտադրանքով նրանք մենաշնորհային են սարքում «Թել-Սել»-ին։ Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»,-ասաց նա։
Երևանի ավագանու անդամը երևանցիներին կոչ է անում վաղվանից տրանսպորտ նստելիս ցույց տալ բանկային քարտն ու հայտարարեն. «Սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին, իրենք պետք է համակարգը տեղադրած լինեն, չեն տեղադրել։ Ես իմ 100 դրամը վճարում եմ, սարքը չկա, չեմ վճարում»։ Հիմա հարց եմ տալիս, քաղաքապետարան, ի դեմս Սուրեն Գրիգորյանի, դու փայ ունե՞ս, թե՞ չունես այդտեղ։ Եթե չունեք, ինչի՞ եք կյանքի գնով ուզում, որ «Թել-Սել»-ը կյանքի կոչվի»։
Մանուկյանն ասաց, ամենայն հավանականությամբ իր ձեռքին եղած փաստերը կներկայացնի իրավապահ մարմիններին։
«Մի քիչ ոտքս կախ գցեմ, հասկանամ՝ ԱԱԾ-ն, Քննչականը, Դատախազությունը փայ ունե՞ն այս սխեմայից, թե՞ ոչ։ Քանի որ ամեն ամիս մեկ մլրդ դրամ մենակ մուտքից կորում է»,-հայտարարեց նա։