Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան
Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին շատ լավ գիտակցում է այն պարզ իրողությունը, որ Եվրամիությունը չունի Վրաստանի անդամության հասնելու որևէ իրական մտադրություն, եթե լիներ այդ մտադրությունը, ապա Վրաստանը ԵՄ անդամ կլիներ շատ վաղուց:
«Այդ առնչությամբ կարծիքս արտահայտել եմ, որ, ըստ իս, Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի, որովհետև դա կնշանակի ունենալ «անկլավ», ինչը ոչ թե բարձրացնելու է Եվրամիության տնտեսա-քաղաքական կշիռը, այլ՝ նվազեցնելու:
Այդ իսկ պատճառով առավել նախընտրելին՝ դեպի անդամություն «հավերժ գորընթացն» է, կամ այլ կերպ ասած՝ Կովկասը խաղի բուֆերային գոտի դարձնելը: Այդ ռեժիմը ԵՄ-ին օժտում է շատ ավելի ճկունությամբ եւ տարածությամբ, այլ ոչ թե պարփակում «անկլավի» հանդեպ պատասխանատվության շրջանակում:
Դա ոչ մի կապ չունի կյանքի կազմակերպման եվրոպական ստանդարտների հետ: Դա քաղաքականություն է, բացառապես քաղաքականություն, հաշվարկ:
Եվրոպական ստանդարտները, ընդհանրապես կյանքի ստանդարտները յուրաքանչյուր երկրի, հասարակության ներքին ընտրությունն են: Այո, կարևոր է, որ այդ ընտրությունն ունենա օրինակ արտաքին հնարավորինս մեծ աջակցություն, գործընկերություն: Բայց, եթե դրա գինը կարող է լինել անվտանգության, պետական և ազգային ինքնության ռիսկը, ապա դա արդեն աջակցություն չէ, այլ՝ ազդեցության լծակ:
Դարձյալ, այդ լծակին ձգտող Եվրամիության հանդեպ մեղադրանքը անիմաստ է: Բոլոր հավակնոտ ուժային կենտրոնները կամ միավորները ձգտում են լծակների:
Տվյալ պարագայում դարձյալ հանգում ենք երկրների եւ հանրությունների ընտրությանը՝ ի վիճակի՞ են նրանք ընտրել իրենց կյանքի կազմակերպման բարձր ստանդարտ, թե՞ ոչ:
Եթե կա դրա ներքին կարողությունը, կամքը, հետեւողականությունը, էլիտաների բարձր գիտակցումն ու դրա շուրջ վերքաղաքական ու վերկուսակցական կոնսենսուսը, ապա այդ պետությունն ու հանրությունը միշտ էլ կգտնի իր ընտրության արտաքին գործընկերներ, եւ նույնիսկ գործընկերներ՝ բոլորովին այլ ստանդարտով ապրող երկրների շարքում:
Սա ասում եմ,, կանխավ արձագանքելով այն թյուրընկալումներին կամ գուցե գիտակցված նենգափոխումներին, որոնք եվրոպական քաղաքականության գնահատումը նույնացնում են Եվրոպական միության պատմական հետագիծը ձեւավոորած քաղաքակրթական ընթացքի գնահատման հետ:
Մինչդեռ, դրանք այսօր միմյանց հետ գրեթե չունեն կապ, կամ՝ կապված են մնում շատ բարակ թելով: Ընդ որում, այդ խնդիրը արձանագրում են առաջին հերթին հենց եվրոպական քաղաքակրթական դավանանքին հավատարիմ մնացող եվրոպացիները:
Ցավոք, եվրոպական քաղաքակրթության սպառնալիքը չի եկել ոչ մի այլ ուրիշ տեղից, քան ձևավորվել է հենց Եվրոպայում, եվրոպական քաղաքական էլիտաների տեսակային հետընթացի հետևանքով, որը, իհարկե, եղել է քաղաքակրթական գերհարմարավետության «արատավոր էֆեկտը»»,- գրել է Հ.Բադալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա