Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Ուկրաինայի շուրջ ձևավորված իրավիճակի պատճառով Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-տասս» լրատվական գործակալությունը:
Ճապոնական նոր պատժամիջոցները նախատեսում են ՌԴ պաշտոնական ավելի քան 23 ներկայացուցիչների համար մուտքի արտոնագրերի արգելք: Միաժամանակ տեղեկացվում է, որ ամբողջական ցուցակը հրապարակվելու է ավելի ուշ:
Ճապոնիայի կողմից պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է յոթ առաջատար տնտեսություն ունեցող երկրների միջև այս հարցի հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Ճապոնիայի կողմից առաջին պատժամիջոցները սահմանվեցին դեռ այս տարվա մարտի 18-ին` Ղրիմում անցկացված հանրաքվեի հետ կապված: Այդ պատժամիջոցները ենթադրում էին` վիզային ռեժիմի մեղմացման շուրջ բանակցությունների դադարեցում, ինչպես նաև ներդրումներ իրականացնելու, տիեզերական տարածությունում համատեղ հետազոտություններ անցկացնելու և ռազմական ոլորտում համագործակցության մասին ձեռք բերված պայմանավորվածությունների չեղյալ համարում:
Հավելենք, որ ապրիլի 28-ին ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ-ն, ԵՄ-ը և Կանադան: Ըստ այդմ` ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից ևս մի քանի անձ` այդ թվում «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը, ինչպես նաև ընդհանուր առմամբ 17 ռուսական ընկերություններ: ԵՄ-ի կողմից ցուցակը ընդլայնվել է` հասցվելով մինչև 15 անձ, ևս 9 անձանց և երկու բանկերի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանվել Կանադայի կողմից:
Այս պահին, ըստ արևմտյան պաշտոնյաների գնահատականների, իրենց կողմից որդեգրված պատժամիջոցներ սահմանելու այս համալիր մոտեցումը արդյունավետորեն կարող է վնասել ռուսական տնտեսությունը և ունենալ համապատասխան քաղաքական հետևանքներ: Ըստ արևմտյան վերլուծաբանների` պատժամիջոցների ցուցակում առավելապես ՌԴ նախագահի մերձավորներին և բիզնես գործընկերներին ներառելը նպատակ ունի վերջիններիս շարքերում նոր վերադասավորումներ առաջացնել, որոնք իրենց ազդեցությունը կունենան Պուտինի դիրքերի թուլացման գործում: