«Դանակը հասնում է ոսկորին, նոր քայլեր են ձեռնարկում»
Վրաստանի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման մեջ մեղավորներին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը համարում է Վրաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին:
«Կատարվածը վրացական աշխարհիկ և հոգևոր իշխանությունների անտարբերության հետևանք է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ջավախքցի պատգամավորը:
Նրա խոսքով, 13-րդ դարից գործող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին շուրջ 20 տարի է վերանորոգման, վերականգնման խնդիր ուներ, ուստի կարելի էր շուտ կանխել դրա փլուզումը: Վրացական իշխանությունները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին հայ ժողովրդի բացառիկ արժեքը պահպանելու ուղղությամբ, և եկեղեցին փլուզվեց:
«Մեղավոր է, իհարկե, նաև վրաց ուղղափառ եկեղեցին, որը շատ ագրեսիվ է տրամադրված Վրաստանում գործող ազգային փոքրամանսությունների նկատմամբ և այսօրվա դրությամբ այդ ագրեսիվության արդյունքն է այն, որ Վրաստանում, բացի վրաց ուղղափառ եկեղեցուց , մնացած հոգևոր որևէ ուղղություն չունի իրավաբանական գրանցում», -հավելեց խորհրդարանականը: Մասնավորապես, նկատենք, որ հայ առաքելական եկեղեցու վրացահայոց թեմը, որ հարյուրամյակներ շարունակ գործում է Վրաստանում, չունի իրավաբանական գրանցում:
Շիրակ Թորոսյանի կարծիքով, եթե հայկական եկեղեցին և վրացահայոց թեմն ունենան իրավական կարգավիճակ, բնականաբար, կունենան նաև Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը: «Իրավական կարգավիճակ չտալը Վրաստանի իշխանությունների հակահայ քաղաքականության ևս մեկ շարքային դրսևորում է», -նկատեց Շիրակ Թորոսյանը:
Հայկական կողմից հնչած արձագանքները և արված գործողությունները Թորոսյանը բավարար չի համարում, քանզի «տարիներ շարունակ էսպես խոսել ենք այդ հիմնախնդիրների մասին, պահանջում ենք այդ հիմնախնդիրները դարձնել հայ-վրացական քննության առարկա, բայց ոչինչ չի արվում ու դանակը հասնում է ոսկորին և նոր միայն Հայաստանի իշխանության օղակներ սկսում են անդրադառնալ դրանց»
Նրա համոզմամբ, հայ առաքելական եկեղեցին պետք է տեր կանգնի վրացահայությանը, որ Ջավախքում պետք է առանձին թեմ ստեղծել, որ հոգևորականներ շատ գործուղվեն այնտեղ` նաև հոգևոր պատմամշակութային արժեքները պահպանելու առումով:
«Այս բոլոր հարցերին Հայաստանում ընդամենը արձագանքում են, առանց որևէ գործնական քայլերի: Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ղեկավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի», -հավելեց Շիրակ Թորոսյանը: